Քանդվելու է նաև Արամի 30 հասցեում գտնվող շենքին կից շինությունը՝ հունվարի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց տարածքի սեփականատեր Ավո Քարագոզյանը: Արամի 30 հասցեում գտնվող շենքը քանդելու համար նա ունեցել է քաղաքապետարանի թույլտվությունը: «Իմ քանդած տեղերը քաղաքային ճանապարհ են լինելու: Ես քանդել եմ այսօր և պետք է պետությանը հանձնեմ ճանապարհը: 2004-ին էի այդ նախագիծը տեսել: Երվանդ Զախարյանն էր քաղաքապետը, երբ ներկայացրեց, ես արդեն տեսել էի այդ մասը: Նախապես ունեին այդ նախագիծը, ոչ թե վերջում որոշվեց: Խնդիրն ինձնով չի սկսվել, ես սպասեցի երկու-երեք տարի, մեկն ինձ չասաց, որ սա հուշարձան է և չպետք է քանդվի»,- ասել է Ավո Քարագոզյանը՝ հավելելով, որ Արամի 30-ի շինությունը ավելի շուտ չի քանդել, քանի որ վախեցել է ակտիվիստներից, որոնք տարիներ առաջ պայքարում էին շենքի պահպանման համար: «Ես ակտիվիստների խնդրից վախեցել էի, և չուզեցի, որ գային բողոքեին: Կգային, կասեին, որ չպետք է քանդվի: Ես ստորագրել եմ, ստացել եմ նախագիծը և պարտավորություն ունեմ պետության դիմաց, որ պետք է իրագործեմ: Սա նոր ծրագիր չէ: Կարծեմ, 10-15 տարվա ծրագիր է»,- ասաց կառուցապատողը՝ պարզաբանելով, թե ինչու շենքը գիշերը քանդվեց: Շինության նախագծի հեղինակ, ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանն էլ նշեց, որ Արամի փողոցը շատ նեղ է, առվակի նման փողոց է և շատ կարևոր է լայանացումը: «Պետք է շրջանցել հրապարակը, միակ տարածքն է, որտեղ տրանսպորտը կարող է շրջանցել հրապարակը: Արամի փողոցին կից կա մայթ, որը հարակից է թանգարանի շենքին: Այդ մայթը լիարժեք մայթ չէ: Մենք մայթը լայնացնում ենք, որ բոլոր մարդիկ կարողանան օգտվել նորմալ շարժման իրավունքներից: Մենք այդտեղ կանաչ պուրակ ենք ունենում, ստանում ենք երթևեկելի և տրանսպորտային լայն շարժում: Մետրոյի ելքն իր նպատակը շարունակում է: Աբովյան փողոցի կողմից շենքը հետ է գտնվում 7 մետր, Աբովյանի մայթն էլ հետ է տրվում, ստեղծվում է տարածական լայն միջավայր»,- ասաց ճարտարապետն ու հավելեց, որ ապամոնտաժել են տարածքը քաղաքին վերադարձնելու համար և տեղում ոչինչ չի կառուցվելու: Ավո Քարագոզյանն էլ հավելեց, որ Աբովյան 2/5 հասցեում նախատեսվում է կառուցել նոր հյուրանոց: Նախկին քաղաքապետի ու ճարտարապետի «հայրենասիրության» շնորհիվ Երևանը կորցնում է իր պատմությունը: